ՀՀ քննչական կոմիտեից այսօր տեղեկացրել են, որ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նորամարգ գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է:

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը ավազակային հարձակմամբ հափշտակելու դիտավորությամբ, մուտք է գործել Արարատի մարզի Նորամարգ գյուղում գտնվող խանութներից մեկը եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել  սեփականատիրոջ նկատմամբ: Մասնավորապես՝  օղու շշով  հարվածել է վերջինիս գլխին, ով սկսել է բղավել, ինչից հետո տղամարդը դիմել է փախուստի: 

Դեպքի առթիվ սեպտեմբերի 26-ին Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով: Նույն օրը խանութի սեփականատերը ճանաչվել է տուժող:

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, եւ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի բնակիչ, 25-ամյա երիտասարդ։  Վերջինս հարցաքննվել է եւ ցուցմունք տվել դեպքի շուրջ։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։