Թող իրավապահ մարմինները ստուգեն Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի մասին լուրերը: Այս մասին սեպտեմբերի 27-ին ԱԺ-ում հայտարարել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ մեկնաբանելով լուրերը, թե Բալասանյանի ընտրական շտաբը պատրաստվում է ընտրողների ձայները զանգվածաբար գնել:

Պատգամավորի խոսքով՝ այդպիսի կեղծիքների կարիք չունի ո՛չ Բալասանյանը, ո՛չ մյուս թեկնածուները, սակայն այդ լուրերը պետք է ստուգել, որպեսզի ոչ մեկի մոտ որեւէ կասկած չմնա:

«Որպես Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավար, որն աջակցում է Բալասանյանին, ես պաշտոնապես հայտարարում եմ՝ այդ հայտարարությունները որպես հիմք ընդունեք եւ անհրաժեշտ ստուգումներ կատարեք»,- կոչ է արել Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Գյումրիի եւ Վանաձորի ավագանու ընտրությունները հոկտեմբերի 2-ին առաջին անգամ կացկացվեն կուսակցական ցուցակներով: Հաղթող քաղաքական ուժը կկարողանա քաղաքապետ նշանակել: Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը գլխավորում է իշխող Հանրապետական կուսակցության եւ Քրիստոնեա-դեմոկրատական միություն ոչ մեծ դաշինքը: