Վրացի հեռուստադիտողի համար շուտով  «փայլուն» հնարավորություն կստեղծվի տեսնել ու լսել, թե ինչ է նշանակում ուղեղների լվացում` ըստ ալիեւյան կլանի:

Ադրբեջանի եւ Վրաստանի հանրային հեռուստառադիոընկերությունների միջեւ համաձայնություն է ձեռք բերվել ամսական մեկ անգամ «Բաքու-Թբիլիսի» հոռուստակամուրջ կազմակերպել:

Այն, որ վրացի հեռուստադիտողը ծանոթանալու է ադրբեջանական պետական-քարոզչական «լավագույն» ավանդույթներին, վկայում է հենց Ադրբեջանի հեռուստառադիոընկերության տեղեկատվությունը. «Հեռուստակամուրջի ժամանակ, որը եթեր է հեռարձակվելու ամեն ամիս, պետք է լուսաբանվեն երկրի տարբեր ոլորտներում ամենօրյա կյանքում տեղի ունեցող իրադարձությունները, եւ դա ավելի է ամրացնելու բարեկամական հարաբերությունները»:

Եթե հաշվի առնենք այն, որ Ադրբեջանի հանրային հեռուստատեսությունը ուղղակիորեն վերահսկվում է նախագահի աշխատակազմի կողմից, իսկ նրա գլխավոր տնօրեն Իսմայիլ Օմարովը իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության անդամ է, ապա կարելի է պատկերացնել, թե ինչին են նվիրված լինելու հեռուստակամուրջները. Ալիեւի ավտորիտար ռեժիմի «ձեռքբերումներին» եւ հակահայկական քարոզչությանը, որը Բաքվի հեռուստաընկերությունների գործունեության կարեւոր գործառույթներից է:

Մնում է միայն ուրախանալ, որ հեռուստակամուրջներն իրականացնելու է Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունը, որտեղ պաշտոնական խրոնիկան կազմում է տեղեկատվության 70 տոկոսը: Եթե դա աներ պետական Aztv հեռուստաընկերությունը, ամեն ինչ շատ ավելի վատ կլիներ, իսկ մառազմը` ավելի շատ: