Սփյուռքահայ մամուլի հիմնական խնդիրը ֆինանսավորումն ու բաժանորդագրությունն է : Հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեցին սփյուռքյան մամուլի ներկայացուցիչները` Չեխիայում լույս տեսնող «Օրեր» երկամսյա պարբերականի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, Լոս Անջելեսի «Համայանապատկեր» մշակութային հանդեսի խմբագիր Սարո Գոդակյանը եւ «Ասպարեզի» խմբագիր Աբո Պողիկյանը:
«Ամենագլխավոր խնդիրը սփյուռքի բոլոր լրատվամիջոցների համար ֆինանսական հարցերն են, թե չէ թղթակցության եւ նյութերի առումով ապահովված ենք: Պարզապես ազգային բարերարների կարիք ունենք»,-նշեց «Համայանապատկերի» խմբագիրը: Իսկ չեխական «Օրեր» պարբերականի խմբագիր Հակոբ Ասատրյանն էլ ասաց, որ իր պարբերականի հիմնական խնդիրը բաժանորդագրությունն է. «Չեխիայիում խնդիրը ոչ այնքան ֆինանսավորումն է, որքան բաժանորդագրությունը: Թերթի համար վճարելու ավանդույթ չկա: Մեր տպաքանակի մեծ մասն անվճար ենք բաժանում եւ այս առումով ֆինանսապես ինքնաբավ պարբերական պահել Եվրոպայում դժվար է»:
Լոս Անջելեսում լույս տեսնող «Ասպարեզ» օրաթերթի խմբագիրն էլ ասաց, որ իրենց մոտ առավել սուր է կադրերի խնդիրը: «Չկա լրագրող, որը եւ լեզու իմանա եւ համայնքը ճանաչի ու կարողանան ավելի քննադատաբար լուսաբանել համայնքային միջոցառումները»,- նշեց նա:
Պողիկյանը տեղեկացրեց, որ պարբերականը ՀՅԴ կուսակցական թերթ է եւ այդ առումով, որոշակի խնդիրներ առաջանում են. «Դաշնակցությունը շատ տխուր անցյալ ունի եւ մարդիկ վտանգավոր են համարում դաշնակցական պարբերականի բաժանորդագրության ցուցակում լինելը:
Նախընտրում են կրպակից առնել թերթը, քան բաժանորդագրվել»:
Նշենք, որ հոկտեկտեմբերի 12-16-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կայացավ «21-րդ դարի տեղեկատվական անվտանգությունը եւ հայ լրագրությունը» թեմայով համաժողով, որին մասնակցելու համար Սփյուռքի 25 երկրներից ժամանել էին ավելի քան 100 լրագրողներ:




























