Ուկրաինայի արեւելքում մալայզիական Boeing-ի կործանման փաստի հետաքննությունն ընթանում է առանց Ռուսաստանի դիրքորոշումը հաշվի առնելու: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Չի կարելի հետաքննություն վարել՝ նախապես հրաժարվելով որոշ վարկածներից՝ ելնելով այն փաստից, որ մեղավոր է հենց Ռուսաստանը: Նման դեպքում այն կողմնակալության եւ ձախողման է դատապարտված»,- ասել է Պեսկովը:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել էր ներողություն խնդրել 2014-ին Ուկրաինայի արեւելքում Boeing 777 օդանավի խոցման համար: 

Հիշեցնենք, որ Դոնեցկում Boeing 777 ինքնաթիռի անկումը հետաքննող միջազգային խումբը սեպտեմբերի 28-ին հայտնել էր, որ ինքնաթիռը խոցվել է «Բուկ» զենիթահրթիռային համալիրով, որը Ուկրաինա էր եկել Ռուսաստանի տարածքից եւ 2014 թվականի հուլիսի 18-ի առավոտյան վերադարձել ՌԴ:

«Մալայզիական ավիաուղիների» Boeing 777-ը,  որը МН17 չվերթով Ամստերդամից Կուալա Լամպուր էր թռչում, Դոնեցկի մարզում վթարի էր ենթարկվել 2014 թվականի հուլիսի  17-ին:  Զոհվել էին ինքնաթիռում գտնվող բոլոր  298 ուղեւորները: