Չինական DJI թռչող սարքեր արտադրող ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Armcopters հայկական ընկերությունը Digitec Expo–ին ներկայացրել է սահմանները հսկող անօդաչու սարք: Սարքն ի վիճակի է օդից հսկել սահմանները դրա վրա տեղադրված թերմոտեսախցիկի միջոցով, որն ի վիճակի է ֆիքսել 0-ից բարձր ջերմաստիճանով ցանկացած մարմնի շարժ եւ  ռեալ ժամանակով նկարահանումները փոխանցել համապատասխան մասնագետներին: Ընկերության ներկայացուցչի խոսքերով արդեն 1-2 ամիս հետո սարքը կծառայի իր նպատակին:

Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները իրենց հերթին ներկայացնում էին զինվորներին փոխարինող սահմանապահ ռոբոտին, որը պետք է իրականացնի սահմանների հսկում, իսկ հակառակորդի ցանկացած շարժ նկատելիս՝ կրակ բացի: Հետաքրքիր էր նաեւ Ճարտարագիտական համալսարանի քոլեջի աշակերտների կողմից մշակված ականախույզ ռոբոտի մոդելը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Երեւանում մեկնարկել է DigiTec Expo տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսը, որի շրջանակում տեղական եւ միջազգային տեխնոլոգիական ընկերություններն այցելուներին ներկայացրին նորույթներ, նոր հավելվածների մշակումներ, տեխնիկա եւ համակարգիչներ, բջջային հավելվածներ եւ խաղեր, սակայն ինչպես եւ նախօրոք արդեն շեշտվել էր, այս տարվա Դիջիթեքի գլխավոր ուղղություն վերցված էր ռազմաարդյունաբերությունն եւ պաշտպանական լուծումների մշակումը: Մի շարք ընկերություներ եւ ուսումնական հաստատություններ ներկայացնում էին իրենց պաշտպանական համակարգերը՝ անօդաչու լրտես սարքերից մինչեւ ականախույզ համակարգեր:

Բնականաբար ՀՀ ՊՆ-ի հետ համագործակցության արդյունքում մշակվող լուծումները կոնֆիդենցիալ են, սակայն այս տարվա Դիջիթեք մթնոլորտը յուրահատուկ էր եւ հաճելի էր տեսնել ոլորտի մասնագետների մոբիլիզացիայի արդյունքում կատարված աշխատանքներն ու ապագա պլանների առկայությունը: