Փախստականներին թոշակ նշանակելիս վիճելի հարցերը նրանց օգտին են լուծվում: Այս մասին հոկտեմբերի 3-ին ԱԺ-ում հայտարարել է Տարածքային կառավարման եւ զարգացման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը՝  «Արխիվային գործի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկմանը:

Մեծ դժվարություններ են առաջացնում այն քաղաքացիների թոշակի հարցերը, որոնց արխիվային գործերը կորել են 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ, նաեւ Ադրբեջանից Հայաստան փախած քաղաքացիների: Այդ հարցերի լուծման համար, հատկապես փախստականների հարցերի, գործում է միջգերատեսչական աշխատանքային խումբ:

«Եթե ոչ մի տեղից չենք կարողանում ստաժի չբավարարող տարիների վերաբերյալ փաստաթղթեր ստանալ, մոտավոր հաշվարկ ենք կատարում ստաժի հայտնի հատվածի հիման վրա: Այդ հաշվարկը ջանում ենք հօգուտ ապագա թոշակառուի կատարել»,- նշել է Տերտերյանը: