Հայաստանի տնտեսական եւ քաղաքական կյանքում բեկում առաջացնելու համար անհրաժեշտ է պայքարել կոռուպցիայի դեմ, մեծացնել բյուջենեւ հավասար պայմաններ ստեղծել բիզնեսի համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:
«Բեկում առաջացնելը մեր ձեռքերում է, եթե մենք կարողանանք շատ արագ պայքարել կոռուպցիայի դեմ, իսկ դա իմ կարծիքով, մեկ ամսվա խնդիր է, եթե դրան զուգահեռ նվազեցնենք ստվերային տնտեսությունը, մեծացնենք բյուջեն, հավասար պայմաններ ստեղծենք բիզնեսի համար, ապա բեկում կլինի: Կարծում եմ, որ եթե կառավարությունը պայքարելու է կոռուպցիայի դեմ եւ այդ պայքարը երկար է տեւելու, նշանակում է որ կամ չեն ցանկանում, կամ չեն կարողանում պայքարել: Այս տարին կարելի է բավականին հաջող ավարտել, ոչ թե տնտեսական աճի, այլ բարոյահոգեբանական առումով, կոռուպցիայի դեմ պայքարում զգալի հաջողություններ ունենալ, որը մեծ հույսեր կառաջացնի մադկանց ու բիզնեսի մեջ»,-ասաց տնտեսագետը:
Գագիկ Մակարյանը նշեց, որ իր կարծիքով՝ կառավարությունում ազնիվ պաշտոնյաները շատ են եւ եթե 2017-ի ընտրություններից հետո պարզվի, որ իրենց խաբել են՝ կհեռանան. «Չեմ ուզում հավատալ, որ այս ամենն արվում է ընտրություններում ձայներ ստանալու, հետո նորից հին վիճակին անցնելու համար: Կարծում եմ, որ վարչապետն ազնիվ է, իր կառավարությունում էլ ազնիվ մարդիկ շատ են եւ այնքան ջենթլմեն կլինեն, որ երբ հանկարծ 2017-ի ընտրություններից հետո պարզվի, որ իրենք էլ են խաբված՝ կհեռանան՝ ընդգծելով, թե ինչու են հեռանում: Կհայտարարեն, որ իրենց որպես գործիք օգտագործեցին, որպեսզի տրամադրություններ ստեղծեն, հետո «քցեցին»: Մենք պետք է գնանք երկարաժամկետ լավագույն լուծումների եւ այստեղ հանրության դերը կարեւոր է, պետք է լինենք պահանջկոտ»:
Գագիկ Մակարյանը նշեց, որ նոր կառավարությունից շատ սպասելիքներ ունի. «Կառավարության առումով դրական եմ տրամադրված, որովհետեւ մի քանի օր առաջ հանդիպել եմ վարչապետ Կարեն Կարապետյանի, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, վարչապետի նոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի եւ էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանի հետ: Վարչապետի կողմից կա հարցերն արագ ընկալելու, հասկանալու եւ արձագանքելու ունակություն: Հանդիպման հաջորդ օրը նա կառավարության նիստում արծարծեց այն հարցերը, որոնք բարձրացվել էին մեր հանդիպման ժամանակ: Այսինքն՝ ուզում է ընդգրկել առկա խնդիրները, այդ թվում ավելորդ ծախսերի, համայնքներին ուղղված ավելորդ դոտացիաների կրճատումը, համայնքների կողմից սեփական ծրագրերն ունենալը: Բացի այդ, խոսվել է ներդրումների, մաքսային հարկային ձեւակերպումների, պետական գնումների, արտահանման խթանման, ՓՄՁ-ների խնդիրների մասին: Փաստորեն վարչապետը պարտրաստ է իր վրա վերցնել այդ բոլոր խնդիրների բեռը, ինչը շատ գովելի է»:





























