«Երրորդմասցի Լյովիկի» եւ երկու ընկերների սպանության գործով դատական նիստին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, հրապարակվեցին մի շարք փորձաքննությունների եզրակացություններ:
Ըստ հրապարակված նյութերի` ամբաստանյալներից Սարգիս Հախանումյանի տնից դեպքից հետո հայտնաբերվել է 7 հատ դիմակ եւ սպիտակավուն ինքնաշեն կրակիչի նմանվող սարք` զսպանակով:
Սարգիս Հախանումյանը («Տլե») բացատրության ժամանակ ասել է` իր տնից հայտնաբերված մաշկագույն դիմակները Helloween-ի օրերին է օգտագործել:
Դատարանը հրապարակեց նաեւ հակահետախուզական միջոցառումների արդյունքները, դատաքիմիական եւ դատահետքաբանական համալիր փորձաքննության, դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները:
Ըստ դատաքիմիական եւ դատահետքաբանական համալիր փորձաքննության , դատաբժշկական փորձաքննության եզրակացությունների`փորձաքննության են ենթարկվել սպանվածներ Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի դիակներից ստացված ձեռքերի մատների, եղունգների, ափերի մաշկի գծանախշերը, գլխի մազերի նմուշները:
Փորձաքննության են ենթարկվել նաեւ Մեսրոպ Նազարյանցի դիակից հանված հագուստներն ու կոշիկները, նաեւ բուժհաստատություններից առգրավվել են Դրաստամատ Թադեւոսյանի դիակից հանված երկաթե երեք բեկորները եւ Լեւոն Ղազարյանի դիակից հանված մեկ հատ մետաղյա բեկորը:
Ըստ մեղադրական եզրակացության` Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել եւ պահել զենք:
2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 6, 7 կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:




























