ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ընդունել է Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Միգարա դե Սիլվայի գլխավորած պատվիրակությանը եւ քննարկել հարկային եւ սնանկության օրենսդրությունները:
Արդարադատության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը բարձր է գնահատել ՀՀ արդարադատության նախարարության եւ Համաշխարհային բանկի միջեւ եղած համագործակցության ներկայիս մակարդակը եւ ընդգծել, որ այն խորացնելու ու զարգացնելու մեծ ներուժ կա:
Արփինե Հովհաննիսյանը «Զարգացման քաղաքականության ֆինանսավորման չորրորդ գործառնության» շրջանակում, Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է հարկային եւ սնանկության օրենսդրությունների, Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալության աշխատանքների, օրենսդրական գործընթացի էլեկտրոնային հարթակի, անձնական տվյալների պաշտպանության, ինչպես նաեւ պրոբացիոն ծառայության հետ կապված մի շարք հարցեր:
ՀԲ ավագ տնտեսագետ Միգարա դե Սիլվան, շնորհակալություն հայտնելով Արփինե Հովհաննիսյանին հանդիպման համար, նշել է, որ Արդարադատության նախարարության հետ ունեցած համագործակցության ընթացքում իրականացված համատեղ ծրագրերը շոշափելի արդյունք են գրանցել:
Քննարկման ընթացքում առաջարկ է ներկայացվել շարունակել աշխատանքները էլեկտրոնային կառավարման ծրագրերի՝ լավագույնս կիրառման նպատակով կազմակերպվող դասընթացների ուղղությամբ:




























