Ադրբեջանի իշխանությունների կողմից ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դանիել Բայերի հասցեին քննադատությունները հետաքրքիր շարունակություն են ստացել։

Բարձրաստիճան պաշտոնյաները հասարակությանը պարբերաբար զարմացնում են իրենց ոչ կոմպետենտ եւ հակասական հայտարարություններով, գրում է contact.az–ը։

«Ահա այսօր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը որոշեց, որ ինքը պետք է մեկնաբանի ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դանիել Բայերի հարցազրույցը»,– շարունակում է պարբերականը։

Հիշեցնենք, որ նախօրեին Դանիել Բայերը հերքել էր Իլհամ Ալիեւի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքը, թե ինքն  է Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը փակելու գլխավոր մեղավորը։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովն էլ Դանիել Բայերին ստի մեջ էր մեղադրել։

«Ասվածից պարզ է դառնում, որ Մամեդովը չգիտի ԵԱՀԿ–ում ԱՄՆ դեսպանի ազգանունը։ Ավելի շուտ, նա կարծում է, թե դա Բայերը չէ։ Թե ինչի վրա է հիմնված Մամեդովի տեղեկությունը, դժվար է ասել, բայց եթե նա եւս մեկ անգամ էլ ուղղակի նայեր Իլհամ Ալիեւի հայտարարության սղագրությունը, նման սխալներ չէր անի։

«Ազերթաջ» պետական գործակալության կայքում սեպտեմբերի 20-ից այդ տեղեկությունը 3 լեզվով կա։ Եվ ահա մեջբերումը. «Այդ մարդը Ադրբեջանում աշխատել է ընդամենը մեկ տարի, որից հետո ԵԱՀԿ–ում ԱՄՆ դեսպան Բայերի լուրջ միջամտության արդյունքում, որը նրան մշտական հանձնաժողովի նիստում մեղադրել է այն բանում, որ նրա աշխատասենյակում եղել է ինձ հետ արված լուսանկար, ազատվել է աշխատանքից։ Ըստ իմ տեղեկությունների՝ նրանք ճնշում են գործադրել Ֆրանսիայի կառավարության վրա, իսկ Բաքվում ԵԱՀԿ ներկայացուցիչ Շահթահթինսկին առանց բացատրությունների ազատվել է աշխատանքից։

Մի՞թե Նովրուզ Մամեդովն ալարել է ուսումնասիրել իրադարձությունը, որը մեկնաբանում է։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Մամեդովը նույնպես ներկա է եղել այդ հանդիպմանը...»,– գրում է պարբերականը։