Գիտնականները հետազոտել են 3500 տարի առաջ մահացած արծվառյուծ ռազմիկի շիրիմում ավելի վաղ հայտնաբերված իրերը, փոխանցում է Informing-ը:
Գերեզմանատեղին հայտնաբերվել է անցյալ տարի Հունաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Պիլոս քաղաքի ավերակներում: Այնտեղ հնագետները հայտնաբերել էին բարձրագույն դասին պատկանող մարդու մնացորդներ: Նա եղել է քուրմ կամ տիրակալ, իսկ արծվառյուծ ռազմիկ անունը ստացել է այն պատճառով, որ գերեզմանում հայտնաբերվել է այդ առասպելական էակի պատկերով փղոսկրե սկավառակ:
Գերեզմանում հայտնաբերվել են նաեւ մեծ քանակությամբ թանկարժեք իրեր՝ ոսկե եւ արծաթե անոթներ, ոսկով զարդարված բրոնզե թուր, մանյակ, ուլունքներ, կնիքներ:
Սակայն գիտնականներին առանձնապես հետաքրքրել է ոսկե մատանիների մեծ հավաքածուն, որոնցից 4-ը զարմանահրաշ էին: Դրանց վրա պատկերված էին այդ ժամանակների մարդկանց կյանքի տեսարաններ, որոնք ներկայիս ոսկերիչները կիրականացնեին մանրադիտակով: Թե դրանք ինչպես են պատրաստվել՝ դեռեւս գաղտնիք է:
Գիտնականները ենթադրում են, որ ոսկերչական իրերը պատրաստել են միքենյան քաղաքակրթության վարպետները:




























