Վերաքննիչ դատարանը մերժել է Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում 2014թ. դեկտեմբերին տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ 17-ամյա Տիգրան Գեւորգյանին դանակահարած եւ  3 ու կես տարվա ազատազրկման դատապարտված Նարեկ Ադամյանի փաստաբանի՝ իր պաշտպանյալին անպարտ ճանաչելու մասով բողոքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Սասուն Մխիթարյանը։

Նշենք, որ փաստաբանը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Նարեկ Ադամյանի նկատմամաբ  կայացրած դատավճիռը, իսկ առաջին ատյանի դատարանի դատավճիռը օրինական եւ հիմնավորված համարելու դեպքում կիրառել ՀՀ քր.օր 70 հոդվածը ՝ պատիժը պայմանականորեն չկիրառել։

Նշենք, որ Նարեկ Ադամյանն իր վերջին խոսքում նշել էր, իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր է ճանաչում:

Նարեկի համար մեղադրողը  4 տարի եւ 6 ամիս ազատազրկում է պահանջել դանակահարելու մեջ մեղադրվող  Նարեկ Ադամյանի համար:

Նշենք, որ Տիգրան Գեւորգյանի հարազատները Տիգրանի  դանակահարելու մեջ մեղադրվող Նարեկ Ադամյանի հարազատներից նաեւ  պահանջում են 10 միլիոն դրամ` որպես Տիգրանի բուժման ծախսերի փոխհատուցում, սակայն պաշտպանական կողմը հրաժարվել է բուժման ծախսերի փոխհատուցումից` հիմնավորելով, որ հնարավորություն չունեն:

Արմինե Ղաբուզյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ իր որդին` Տիգրանը, կրծքավանդակի ու թիկունքի շրջանում կտրող-ծակող գործիքով վնասվածք է ստացել, մեծ քանակությամբ արյուն կորցնելու հետեւանքով տեսողությունը սկսել է թուլանալ, Տիգրանը զրկվել էր քայլելու ունակությունից։  Հետագայում Տիգրանը Իսրայելում տեսողության վերականգման կուրս է անցել, որից հետո որոշ չափով սկսել է նրա տեսողությունը վերականգնվել:

Մայիսից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում դանակահարության դեպքով դատաքննություն, որի ընթացքում հարցաքննվել են դպրոցի ուսուցիչները, աշակերտները: Դատարանում ցուցմունք տալուց հրաժարվել են ամբաստանյալ Նարեկ Ադամյանի մայրն ու քույրը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2014թ. դեկտեմբերի 2-ին Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ Վանաձորի բնակիչ 18-ամյա Նարեկ Ադամյանը դանակահարել էր 17-ամյա Տիգրան Գեւորգյանին եւ 17-ամյա Ռոբերտ Պ.-ին:

Նարեկ Ադամյանը դեպքից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ խոստովանել, որ ինքն է դանակով հարվածել Տիգրանին ու Ռոբերտին: Մայիսից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է դատավարություն: