ԱՄՆ–ում այն դպրոցների ուսուցիչներն ու դաստիարակները, որտեղ թույլատրվում են մարմնական պատիժները, դրանք հաճախ կիրառում են աֆրոամերիկյան ծագումով կամ զարգացման խնդիրներ ու հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ։ Այս մասին հայտնել են Երեխայի զարգացման ուսումնասիրության միության սոցիոլոգները, որոնց կազմած զեկույցը հրապարակվել է նրանց կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
ԱՄՆ–ում մարմնական պատժի պրակտիկան ընդունված է երկրի 19 նահանգներում, որոնց ուսումնական հաստատություններում ուսուցիչներն ու դաստիարակները կարգապահական խախտումների դեպքում իրավունք ունեն փայտյա քանոններով պատժել աշակերտներին։
Վերջերս ԱՄՆ կրթության նախարարությունը հրապարակել էր 2013-2014 թթ. դպրոցականներին պատժելու վիճակագրությունը, եւ Երեխայի զարգացման ուսումնասիրության միության սոցիոլոգներն օգտվել են այդ թվերից իրենց զեկույցը կազմելիս եւ հայտնել, թե ինչպես եւ ինչի համար են ուսուցիչները պատժում աշակերտներին։
Օրինակ՝ Ալաբամայի եւ Միսիսիպիի նահանգներում աֆրոամերիկացի երեխաները մոտավորապես 1.5 անգամ ավելի շատ են պատժվում, քան այլ էթնիկ ու ռասայական խմբերի ներկայացուցիչները։ Նույն իրավիճակն է նաեւ ԱՄՆ հարավային նահանգներում զարգացման խնդիրներ կամ հաշմանդամություն ունեցող երեխաների դեպքում։




























