«Մե-մե-մե» պանդաների լեզվով նշանակում է «ես քեզ սիրում եմ», թռչունների ծլվլոցին նման հնչյունները՝ «համաձայն եմ», իսկ հաչոցի նման հնչյունները՝ «բարկացած եմ»: Բազմամյա ջանքերի արդյունքում մասնագետներին հաջողվել է մասամբ հասկանալ բամբուկե արջերի լեզուն: Այս մասին գրում է Սինխուա գործակալությունը:

Մեծ պանդաների պահպանության եւ հետազոտության չինական կենտրոնի փորձագետ Չժան Հեմինի խոսքով՝ կենտրոնի աշխատակիցները Վիեննայից փորձագետների հետ համատեղ մեծ պանդաների լեզուն ուսումնասիրելու նախագիծը սկսել են 2010 թվականին, սակայն ընթացքում իրենց միացել են նաեւ մասնագետներ գիտահետազոտական այլ հաստատություններից:

Ըստ գիտնականների՝ պանդաների բառապաշարը կազմված է նվազագույնը 13 տարբեր հնչյուններից եւ «արտահայտություներից»: Փոքրիկ արջուկները միայն մի քանի ձայն են արձակում: Երբ նրանք ասում են «ուա-ուա», նշանակում է՝ «քաղցած եմ, կերակրիր ինձ» կամ «մայրիկ, տրորեցիր ինձ»:

Իսկ հասուն պանդաներն ավելի բարդ հնչյուններ են արձակում: Գարնանը՝ զուգավորման շրջանում, արուները «մե-մե» հնչյուններ են արձակում՝ այդպիսով իրենց ընկերուհիներին հաճոյախոսություն անելով: Իսկ եթե «տղան» նույնպես դուր է գալիս «աղջկան», նա պատասխանում է ճռվողյունի նման հնչյուններով: