Քաղաքաշինության նախկին նախարարության փոխարեն կստեղծվի Քաղաքաշինության պետական կոմիտե: Այս մասին առաջարկը հոկտեմբերի 6-ին կառավարության նիստում ներկայացրել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը: Մյուս առաջարկը վերաբերում է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը կից զբոսաշրջության պետական կոմիտե ստեղծելուն:
«Երկու հարցն էլ պետք է լուծվի նախագահի հրամանով, մենք ուղղակի ներկայացնում ենք քննարկումների արդյունքները»,- պարզաբանել է նախարարը: Նա հիշեցրել է, որ Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ Կառավարությանն առընթեր մարմիններ չեն լինի, միայն Կառավարությանը ենթակա։
Այս անցումային փուլում կոմիտեներին տրվում են ճյուղային քաղաքականության մշակման իրավասություններ, բայց ոչ որոշումներ կայացնելու: «Ապագայում (2018 թվականից – խմբ.) բոլոր գերատեսչությունները կենթարկվեն կա՛մ վարչապետին, կա՛մ նախարարություններին»,- ընդգծել է Հարությունյանը:




























