ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բանկից գողություն կատարած անձի ինքնությունը։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ 2016թ. սեպտեմբերի 2-ին, առերեւույթ հանցագործություն կատարած անձը, բանկում տարադրամի փոխանակում կատարելու ընթացքում դրամարկղից գաղտնի հափշտակել է զգալի չափերի գումար:
Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել է բանկի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ գործարքի տեսագրությունը, որտեղ երեւում է, թե ինչպես է միջին տարիքի, կապույտ վերնաշապիկով տղամարդը, գումար փոխանակելու ընթացքում աշխատակցուհուն մոլորեցնելով, վերցնում զգալի չափերի գումար:
«Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված տղամարդու ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին»,-ասված է հաղորդագրության մեջ:




























