Հայաստանի հարկային եւ մաքսային ծառայությունները ցանկանում են 6 ամսվա ընթացքում խոշոր բիզնեսի օրինական շրջանառությունը մեծացնել 25%-ով: Այս մասին նշված է հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանն ուղղված գործողությունների ծրագրում, որը հավանության է արժանացել հոկտեմբերի 6-ի կառավարության նիստում:

Փաստաթղթի համաձայն՝ առայժմ տարածված են դեպքերը, երբ հարկատուն ապրանքի իրացումը հիմնավորում է հաշվիչ դրամարկղերի կտրոնի միջոցով: Հարկայինի համար դա անհարմար է այն առումով, որ դրանում գործարքի մասով գործընկերոջ տվյալները չկան, եւ հնարավոր չէ պարզել, թե ում է վաճառվել ապրանքը: Դա խանգարում է բիզնեսի իրական շրջանառության հաշվառմանը: Օպերատիվ ստուգումների միջոցով վերջ կդրվի հաշվիչ դրամարկղերի միջոցով շրջանառության լվացման պրակտիկային:

Կուժեղացվի նաեւ Եվրասիական միության այլ երկրներից ներկրողների նկատմամբ վերահսկողությունը: Դա թույլ կտա ԵՏՄ անդամ մյուս երկրների համապատասխան մարմինների հետ արդյունավետորեն տվյալներ փոխանակել միության ներսում առեւտրի մասին: