«Վանոյի Արտակ» անվամբ հայտնի Արտակ Գալստյանը կմնա անազատության մեջ։ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարաել է նախաքննական մարմնի՝ Արտակ Գալստյանի խափաման միջոց կալանքը երկարացնելու միջնորդությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Գալստյանի պաշտպան Սուսաննա Սարգսյանը:
Պաշտպանը նշեց, որ Արտակ Գալստյանի կալանքը երկարացնելու դեմ արդեն Վերաքննիչ բողոք է ներկայացրել։
Նշենք, որ Արտակ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում՝ ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի շորթում) եւ 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը):
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ Արտակ Գալստյանը ձերբակալել է 2015թ. աշնանը analitik.am կայքի տնօրենի հետ, նախնական համաձայնությամբ, խմբով, քաղաքացուց առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու կասկածանքով: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով՝ Ա. Գալստյանը տնօրինում եւ կազմակերպում է ինչպես «analitik.am», այնպես էլ՝ «crimenews.am», «armcrimenews.com» լրատվական կայքերի գործունեությունը:
Նշենք, որ analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը կալանքի տակ է:




























