Ավելի քան 5 մլն դրամ պետմիջոցներ ստացող ՀԿ-ն պետք է պարտադիր կարգով աուդիտ անցնի։ Այս մասին ասվում է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում ու հարակից օրինագծերում փոփոխությունների նախագծում, որը ներկայացրել է Կառավարությունը։

Ինչպես խորհրդարանում նշեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, հաշվետու լինելը անհրաժեշտ է, եթե խոսքը պետական միջոցների մասին է։ Այդ դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ոչ միայն հաշվետվություն, այլեւ աուդիտի եզրակացությունը։ Ճիշտ է, կարելի է դիտարկել ՀԿ-ների համար հարկային պահումների հարցը՝ աուդիտի համար ծախսերի չափով, հավելել է նա։ «Այն ամենն, ինչ արվում է հարկատուների փողերով, պետք է հասանելի լինի հասարակությանը։ Մարդիկ պետք է իմանան, թե ուր են գնում իրենց գումարները»,- պաշտպանել է նրան մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը։