Նոր կառավարությունում որեւէ մեկը չի խոսում մենաշնորհների մասին, կոռուպցիայի մասին, հակառակը՝ հայտարարվեց, որ փոքր տնտեսության համար մենաշնորհը պարտադիր է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀԱԿ անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքով, եթե նոր կառավարությունը նման բան հայտարարելով փորձում է հանրության մեջ շփոթություն մտցնել, կամ իրազեկ չէ, կամ լավ չեն սովորել բուհում:

«Մրցակցային միջավայրի մասին եւս խոսք չկա: Չեն ասում, թե ինչո՞ւ է Հայաստանի տնտեսությունն այս վիճակում հայտնվել, անդրադարձ չկա փոքր ու միջին բինզեսին: Այս ամենի արտացոլանքը Հարկային նոր օրենսգիրքն էր, որ ընդունվեց ԱԺ-ում: Դրանից ես կարող եմ եզրակացություն անել, որ ոչ մի բան չի փոխվել, չի փոխվելու եւ հնչող մեկնաբանությունների նպատակը հանրությանը որոշակի մեսիջներ հաղորդելն է, որ մեր վիճակը շատ ծանր է, այդ ծանր վիճակից պետք է դուրս գանք»,-ասաց տնտեսագետը:

Վահագն Խաչատրյանը նկատեց, որ այս տարվա օգոստոսին ներկայացրեցին, թե ինչ լավ վիճակում է Հայաստանի տնտեսության վիճակը, աճել է տնտեսական ակտիվությունը ու հիմա հանկարծ հայտարարում են որ տնտեսությունը ծանր վիճակում է. «Մայիսին հայտարարեցին, որ աննախադեպ հարկահավաքություն է եղել, իսկ սեպտեմբերին պարզվեց 100 մլրդ դրամ քիչ են հավաքել: Իրականում, Հայաստանի տնտեսական վիճակը շատ ավելիծանր է, քան կարելի է պատկերացնել թվերին նայելով: Եթե տեսնեք, թե ինչ վիճակում են ձեռնարկությունները, ինչ պարտավորություններ ունեն, ինչ վիճակում է բանկային համակարգը, կտեսնեք, որ վիճակը շատ ավելի վատ է»: