Հայաստանը պետք է կարողանա իր արտաքին պարտքը մարելու երաշխիքներ ստեղծել, հակառակ դեպքում միջազգային դոնոր կազմակերպությունները կարող են դադարեցնել Հայաստանին վարկեր տրամադրել։ Այս մասին հայտարարել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Նրա խոսքով, Հայաստանը խնդիր ունի 200 մլն դոլարով ավելացնել իր բյուջեն, ինչի համար էլ հենց փոխվում է Հարկային օրենսգիրքը։ Մակարյանը որպես խնդրի լուծման ճանապարհ նշել է ստվերի դեմ պայքարը. «Մենք կարող ենք այդ խնդիրը լուծել, եթե ստվերի դեմ պայքարենք, ոչ ֆորմալ տնտեսությունը դարձնենք ֆորմալ։ Եթե այդ մեկ մլրդ դոլարը կարողանանք քիչ-քիչ բերել, բոլորովին էլ կարիք չենք ունենա օրենսգրքի մեջ խստացումներ մտցնելու։ Եթե դա հաջողվի, կարող ենք հարկային օրենսգրքի խստացումները չիրականացնել, փոխարենը ստվերի հաշվին բերել այդ 200 մլն դոլարը։ Ոչ ֆորմալ տնտեսությունը համարվում է 7 հիմնական խոչընդոտներից մեկը կայուն զարգացող տնտեսության համար»։
Նրա խոսքով, Հայաստանի տնտեսության համար մեկ այլ խնդիր է տարբեր ապրանքների ակցիզային հարկը բարձրացնելը. «Դրա պատճառաբանություններից մեկն էլ այն է, որ պետք է այդ դրույքաչափերը ներդաշնակեցվեն ԵՏՄ-ի դրույքաչափերի հետ։ Այստեղ մենք ունենք խնդիր, որ մեր ակցիզային հարկերը՝ ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, գազի, բենզինի եւ այլն, չեն բավարարում այն ցուցանիշներին, որոնք ԵՏՄ-ում ընդունված են։ Դա էլ այն վատ խնդիրներից մեկն է, որը ԵՏՄ-ի պատճառով ունենում ենք։ Մենք ուզենք, թե չուզենք, դրան պիտի գնանք»։
Նշենք, որ Հայաստանի արտաքին պարտքն այս տարի հասել է ՀՆԱ-ի շուրջ 54 տոկոսին, ինչը տնտեսագետներն արդեն մտահոգիչ են համարում։




























