Նոր օրենքով Հաշվեքննիչ պալատի առջեւ` իր գործառույթներն արդյունավետ եւ լիարժեք իրականացնելու համար, որեւէ փակ դուռ չպետք է լինի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի նիստի ժամանակ նշեկ է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:

Վերահսկիչ պալատից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի օրակարգում ընդգրկված են եղել երկու հիմնական հարցեր` Վերահսկիչ պալատի 2017 թվականի տարեկան ծրագրի նախնական քննարկում եւ «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերլուծություն:

Նիստի մասնակիցները քննարկել են Վերահսկիչ պալատի տարեկան ծրագրում ընդգրկվելիք վերահսկողության թեմաների առնչությամբ ներկայացված կարծիքները, դրանց հիմնավորումները: Քննարկման արդյունքում որոշում է ընդունվել որոշակի փոփոխությունների ենթարկել տարեկան ծրագրում ընդգրկված վերահսկողության թեմաների ձեւակերպումները:

«Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը տեղեկացրել է նիստի մասնակիցներին, որ ՎՊ-ն դիմել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդին` նոր օրենքի հետ կապված որոշ դրույթների ճշգրտման նպատակով, որի առնչությամբ ստացվել է համապատասխան արձանագրություն: Փաստաթղթի մեջ ներկայացված եզրակացությունները Իշխան Զաքարյանը ձեւակերպել է հետեւյալ կերպ` «Նոր օրենքով Հաշվեքննիչ պալատի առջեւ` իր գործառույթներն արդյունավետ եւ լիարժեք իրականացնելու համար, որեւէ փակ դուռ չպետք է լինի»:

Իշխան Զաքարյանը շեշտել է, որ նոր սահմանադրությամբ ենթադրվում է պետական բյուջեի ամբողջական աուդիտ: ՎՊ նախագահի խոսքերով` սա նշանակում է, որ անհրաժեշտ է միջազգային փորձը համադրել հայաստանյան իրականության հետ եւ դրա համատեքստում կատարել փոփոխություններ թե´ տեսական, թե´ գործնական դաշտում: Նման մեծածավալ աշխատանքի հաջողությունը կախված է առաջին հերթին ՀՀ կառավարության կողմից համագործակցության եւ անհրաժեշտ բոլոր հնարավորությունների ապահովումից, այլապես օրենքի տվյալ դրույթը չի կատարվի: Այս համատեքստում պարոն Զաքարյանը կարեւորել է նաեւ Վերահսկիչ պալատի աշխատակիցների որակավորման եւ մասնագիտական գիտելիքների շարունակական բարելավման անհրաժեշտությունը:

Նիստի ավարտին Վերահսկիչ պալատի նախագահը քննարկված հարցերի վերաբերյալ տվել է մի շարք հանձնարարականներ: