Արցախում այսօր՝ հոկտեմբերի 11-ին, պայմանագրային զինծառայողի զոհվելու դեպքով հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական մամուլի ծառայությունից:
Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից կատարված սպանության դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ 11.10.2016թ.՝ ժամը 12:10-ի սահմանում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցի հետեւանքով ձախ թիակի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Սանասար Մավրիկի Գրիգորյանը:
Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` ժամը 12:10-ի սահմանում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1989 թվականին ծնված Սանասար Մավրիկի Գրիգորյանը: Նա ԼՂՀ Մարտունու շրջանի Հերհեր գյուղից էր:




























