Հայկական ԱԷԿ-ի 2015 թվականի սթրես-թեստի եզրակացությունները կօգտագործվեն կայանի աշխատանքի ժամկետի երկարացման ծրագրում: Այս մասին հոկտեմբերի 12-ին հայտարարել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ ելույթ ունենալով ԱՊՀ Խաղաղ միջուկի օգտագործման հանձնաժողովի բաց նիստին:
Սթրես-թեստի հաշվետվությունը մշակվել է Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խմբի (ENSREG) պահանջներին համապատասխան եւ ներկայացվել է էներգետիկայի գծով Եվրահանձնաժողովի կոմիտեի քննարկմանը:
Կայանի երկրորդ էներգաբլոկի (չգործող) գործողության ժամկետի երկարացման համար Հայաստանը եւ Ռուսաստանը միջկառավարական համաձայնագրեր են ստորագրել դրամաշնորհի եւ արտահանման վարկի մասին: Համաձայնագրերն ուժի մեջ են մտել 2015 թվականի մայիսի 13-ին:
«Աշխատանքների շրջանակում սպասվում են մեծ ծավալի գործիքային հետազոտություններ, այդ թվում՝ ռեակտորի իրանի մետաղի, ներքին սարքերի, ջերմագեներատորների խողովակների, անջատման գլխավոր փականների եւ շրջապտույտի գլխավոր պոմպի վիճակի վերաբերյալ»,- հավելել է նախարարը:
Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներ են տարվում Ռուսաստանի կառավարության տրամադրած 30 մլն դոլարի դրամաշնորհի եւ 270 մլն դոլարի վարկային գծի շրջանակում: Էներգաբլոկի գործողության ժամկետը կերկարացվի 10 տարով՝ մինչեւ 2026 թվականը: Մինչ այդ ծրագրվում է ավարտին հասցնել նոր էներգաբլոկի շինարարությունը:




























