ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող եւ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի ու նրա գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի բնապահպանական բաղադրիչի շրջանակում Քաջարան համայնքին տրամադրվել է պլաստիկ թափոնների հավաքման 30 աղբաման:
Դրանք տեղադրվել են քաղաքի բանուկ թաղամասերում՝ խանութների եւ հասարակական վայրերին հարակից տարածքում, բակերում, ինչպես նաեւ դպրոցների մոտ: Այս նախաձեռնության շնորհիվ քաղաքում շատ կարճ ժամանակահատվածում բնակչությունը սովորեց տարանջատել ըմպելիքի, կաթնամթերքի եւ ջրի պլաստիկ շշերը: Աղբամանների մեջ դեռ շատ քիչ քանակի այլ աղբ է նետվում, սակայն Քաջարանի փոխքաղաքապետ Կարեն Տորոսյանի կարծիքով` ժամանակի ընթացքում դա էլ կշտկվի, քանի որ նախաձեռնությունը նոր է, եւ քաղաքապետարանն ակտիվ աշխատանք է տանում բնակչության հետ:
Քաջարանցիների հավաստմամբ` սա շատ լավ նախաձեռնություն էր, որին կարծես թե բոլորը պատրաստ էին: Քաջարանի կոմունալ ծառայությունն առայժմ հավաքված շշերը տեղափոխում եւ հավաքում է հատուկ տրամադրված տարածքում: Մոտ ժամանակում ԵՄ կողմից ֆինանսավորվող եւ արդեն հաստատված ծրագրի շրջանակում Քաջարանին կտրամադրվի մամլիչ սարքավորում, եւ կկազմակերպվի պլաստիկ բրեկետների տեղափոխումը Կապան քաղաք, որտեղ նախատեսվում է հիմնել պլաստիկ թափոնների վերամշակում եւ ճանապարհային սալիկների եւ տանիքի կղմինդրի արտադրություն:
Հոկտեմբերի 10-ին Քաջարանի համար 2 դպրոցի բնապահպանական լսարանում անցկացվեց պլաստիկ թափոնների հավաքման, վտանգի, վերամշակման հնարավորությունների վերաբերյալ սեմինար-քննարկում, որին ներկա էին քաղաքի ուսանողները, ավագ դպրոցի աշակերտները, դպրոցի ուսուցչական կազմը եւ տնօրենը, Կապանի հասարակության մասնակցության Օրհուսի եւ Կանանց ռեսուրս կենտրոնի համակարգողները, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բնապահպանը եւ Կայուն զարգացման գծով միջազգային տնօրենը, քաղաքապետարանի աշխատակիցները եւ USAID/PRP ծրագրի բնապահպանական ծրագրերի համակարգողը: Սեմինարի կազմակերպումը, պլաստիկ թափոնների վտանգի եւ վերամշակման վերաբերյալ բուկլետների տպագրությունը կազմակեպել էր Քաջարանի քաղաքապետարանը՝ 2016 թ. ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից հաստատված ծրագրի շրջանակներում:
USIAD/PRP ծրագրի բնապահպանական ծրագրերի համակարգող Ալիսա Սավադյանը ներկայացրեց պլաստիկ թափոնների վտանգի, դրանց հավաքման եւ վերամշակման հնարավորությունները Սյունիքի մարզում, այդ տարածաշրջանում կոշտ կենցաղային թափոնների կառավարմանը վերաբերող այլ ծրագրեր: Վերջում ակտիվ քննարկում ծավալվեց այս հարցի վերաբերյալ:
Քաջարանն այն համայնքներից է, որտեղ մարդիկ գիտակցում են հանքարդյունաբերության վտանգի մասին, սակայն աշխատատեղերի առկայությունը գերակայում է այդ գիտակցության նկատմամբ:
Քաջարանը գտնվում է Սյունիքի մարզի այն 8 համայնքների ցանկում, որոնք «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն` «օգտվում են» հանքարդյունաբերական ձեռնարկության վճարած բնապահպանական վճարներից:
Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատը տարեկան վճարում է օդի եւ ջրային ռեսուրսների աղտոտման համար միջինում 8 մլն ՀՀ դրամ բնապահապանական վճարներ, որոնք կուտակվում են պետական բյուջեում եւ հետագայում սուբվենցիաների տեսքով՝ բնապահպանական եւ առողջապահական ծրագրերի շնորհիվ, վերադառնում համայնք: 2016 թ. Կուտակված բնապահպանական վճարներից մոտ 2 մլն ՀՀ դրամը հատկացվել է համայնքի բնապահպանական կրթության եւ իրազեկման բարձրացմանը:
Ծրագրային առաջարկը ներկայացվել էր ՀՀ Բնապահպանության նախարարություն`«Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի աջակցությամբ:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)




























