Ներկայումս Թուրքիան Եվրամիության հետ հետագա մերձեցման հարցում «միջին ուղուն» է հետեւում, հայտարարել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Մեհմեթ Աքարջան: «Կարծում եմ՝ Թուրքիայի ժողովուրդն այդ հարցի հանդեպ (ԵՄ-ին ձգտելու – խմբ.) այլեւս մեծ հետաքրքրություն չունի: Մեզ համար դա մի ուղի էր, որն ինչ-որ փուլում օգտակար էր թվում: Բայց եթե հիմա մեր քաղաքական գործիչներից որեւէ մեկը հանդես գա հետագա մերձեցման օգտին, դա ոչ մի կերպ չի ազդի նրա վարկանիշի վրա»,- ասել է Աքարջան ռուս լրագրողների հետ մասնավոր զրույցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դրա հետ մեկտեղ, նա ընդգծել է, թե սխալ է այն պնդումը, որ Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու գործընթացի վրա խաչ է քաշել: «Եթե ասենք, որ մենք մտափոխվել ենք, դա շատ քաղաքական հայտարարություն կլինի, եւ այժմ այդպիսի դիրքորոշման մասին հայտարարելու ոչ մի անհրաժեշտություն չկա»,- ասել է նա: