Մինչեւ 2017 թվականի մայիս «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտը կպատրաստի հայկական ԱԷԿ-ի սեյսմիկ պաշտպանության արդյունաբերական համակարգի նախագիծը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԳՀԻ-ի տնօրեն Վահրամ Պետրոսյանը: Աշխատանքներն իրականացվում են մինչեւ 2026 թվականը ԱԷԿ-ի կյանքի ժամկետը երկարացնելու ծրագրի շրջանակում:

Այդ ծրագրի շրջանակում ինստիտուտը ստեղծում է նաեւ ռեակտորի ջերմահիդրավլիկական հաշվարկի համար նախնական տվյալների բազան: Բազայի առաջին տարբերակն արդեն պատրաստ է, առաջիկայում դրանում ուղղումներ կարվեն: Հետագայում այդ բազայից կօգտվի ռուսական «Հիդրոպրես» Փորձարարական նախագծային բյուրոն, որը հայկական ԱԷԿ-ի գլխավոր նախագծողն ու ռեակտորային սարքավորման կառուցողն է:

«Հայատոմ»-ն այդ երկու նախագծերն իրականացնում է «Ռուսատոմ Սերվիս»-ի հետ կնքած պայմանագրի համաձայն, որը ԱԷԿ-ի գործողության ժամկետի երկարացման աշխատանքների գլխավոր կապալառուն է:

Պետրոսյանի խոսքով՝ «Ռուսատոմ Սերվիս»-ը գլխավոր կապալառուն է, սակայն նրա հետ որպես ենթակապալառու աշխատում են մի քանի հայկական ընկերություններ, այդ թվում՝ նաեւ «Հայատոմ»-ը: ԱԷԿ-ի ներկայիս վիճակի վերաբերյալ հետազոտությունների արդյունքները (որի հիման վրա էլ կկազմեն երկարացման ծրագիրը) արդեն ուղարկել են կառավարությանը կից Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե: Այն իր եզրակացությունը կտա 2016 թվականի վերջին: