«Լյուբավա- Արմենիա» հայ -լեհական համատեղ ձեռնարկությունը պատրաստ է ընդլայնել տեսականին։ Ընկերության արտադրանքը ներկայացված է Երեւանում անցնող ArmHiTec – 2016 սպառազինությունների ցուցահանդեսի շրջանակում, որը առաջին նմանատիպ ցուցահանդեսն է Հայաստանում։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ «Լյուբավա- Հայաստան» ընկերության փրկարարական ոլորտում վաճառքի հարցերով մասնագետ Լիլիթ Զաքարյանը տեղեկացրեց, որ ձեռնարկությունն արտադրում է ռազմական նշանակության արտադրանք, սարքավորումներ փրկարարների ու հրշեջ ծառայությունների աշխատակիցների համար։ Այս տարվանից սկսել են արտադրություն նաեւ քաղաքացիական բնակչության համար։
«Ստենդներին ներկայացված են զրահահագուստ, սաղավարտներ։ Ձեռնարկությունը արտադրում է ավելի քան 20 տեսակի զրահահագուստ, շարժական կամուֆլյաժ, մակետներ, թիկնապայուսակներ, վրաններ։ Հումքը Լեհաստանից է բերվում»,- նշեց ընկերության ներկայացուցիչը։ Նրա խոսքով ընկերությունը ծրագրում է հետագայում ընդլայնել տեսականին, ամեն ինչ կախված կլինի առաջարկներից։
«Լյուբավա- Արմենիա» հայ- լեհական համատեղ ձեռնարկությունը «Լյուբավա- գրուփի» դուստր ձեռնարկությունն է, որը հիմնվել է 2014-ին։ Ձեռնարկությունն արտադրում է պաշտպանական նշանակության արտադրանք։




























