ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ընդունել է կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա անցկացրած Արարատի մարզի մի շարք համայնքների մի խումբ խաղողագործների:
Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը եւ «Վինար» ՍՊԸ տնօրեն Ավետիք Գալստյանը, որի ղեկավարած ընկերությունն ունի դեռեւս 2015 թվականին մթերված խաղողի դիմաց չվճարված ֆինանսական պարտավորություններ գյուղացիների նկատմամբ:
Նախարարի հետ հանդիպմանը գյուղացիները նշել են, որ «Վինար» ընկերությունը պարտք է Արարատի մարզի մի շարք համայնքների գյուղացիների, ամենաշատ պարտքերը բաժին են ընկնում Քաղցրաշեն եւ Այգեզարդ համայնքներին: Հանդիպման ընթացքում նախարարը խնդրի շուտափույթ լուծման նպատակով առաջարկել է ընկերության տնօրենին վաճառել պահեստավորված սպիրտը եւ վճարել գյուղացիների պարտքերը, ինչին Ավետիք Գալստյանը դրական է արձագանքել:
«Գյուղացիներին ունեցած պարտքերը անհրաժեշտ է վճարել առանջնահերթ»,- իր խոսքում նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Գյուղացիները նշել են, որ ունեն վարկային պարտավորություններ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» -ում, գումարները չստանալու պատճառով չեն կարողանալու կատարել առաջիկա ամսվա վճարումները եւ խնդրել են այդ հարցում նույնպես աջակցել:
Նախարարը գյուղացիների ներկայությամբ հեռախոսազրույց է ունեցել բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի հետ եւ խնդրել է քննարկել մինչեւ վերոնշյալ գործարքի կնքումը գյուղացիների վարկերի հետաձգման հնարավորությունը:
Հանձնարարվել է նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանին վերահսկողություն իրականացնել նշված գործընթացի նկատմամբ, որպեսզի «Վինար» ընկերությունը սեղմ ժամկետներում վճարի գյուղացիների պարտքերը:
Նախարարը նաեւ նշել է, որ այդ գործընթացի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի համայնքապետերին ` գյուղացիներին իրազեկելու նպատակով:




























