Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը Սլովակիայի ներդրողների հետ կքննարկի «Նաիրիտ» գործարանի վերածնման ծրագրի իրատեսական լինելը: Այս մասին հոկտեմբերի 13-ին կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է փոխնախարար Էմիլ Տարասյանը:
Նա նշել է, որ օրերս Հայաստան է եկել Սլովակիայի պատվիրակությունը՝ ֆինանսների առաջին փոխնախարարի գլխավորությամբ: Նրանց հետ են եղել նաեւ պոտենցիալ ներդրողներ, այդ թվում՝ հայ համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանը: «Մենք համաձայնության ենք եկել, որ նախ կհետազոտենք, թե որքանով է իրենց ծրագիրն իրատեսական, իսկ հետո այն կքննարկենք նաեւ Էներգետիկայի եւ բնական ենթակառուցվածքների նախարարության հետ»,- ասել է Տարասյանը
Նշենք, որ ներդրողները հայտարարել են գործարանի արտադրությունը վերականգնելու համար 100 մլն դոլար ներդնելու մտադրության մասին: EU-ASIA Buisness Finance Centre հոլդինգը ղեկավարող Գրիգորյանը հավաստիացրել է, որ գործարանը կարող է վերագործարկվել հաջորդ գարնանը: Այդ դեպքում առաջին 1,5 տարում գործարանը կաուչուկ կթողարկի ացետիլենային տեխնոլոգիայով (տարեկան 8 – 10 հազար տոննա, ինչպես 2000-ական թվականների կեսերին), իսկ դրանից հետո կգործարկվի նաեւ բուտադիենային տեխնոլոգիան, որի դեպքում արտադրության ծավալը կարելի է հասցնել մինչեւ 20-25 հազար տոննայի:




























