Թուրքիան «Իսլամական պետություն» խմբավորման ստեղծման մասնակից է: «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

«Նրանք ստեղծեցին ԻՊ-ն, սատարեցին եւ թույլ տվեցին Էրդողանի որդու ու նրա մերձավոր շրջապատի մասնակցությամբ իրենց տարածքով վաճառել մեր նավթը: Ամբողջ աշխարհը գիտի այդ մասին: Բայց Սիրիա ներխուժման հետ կապված նրանք սկսեցին խոսել նոր չափավոր ուժերի մասին, որոնք իրականում նույն արմատներն ունեն, ինչ ԻՊ-ն: Թուրքերը վստահեցնում են, որ իրենց ռմբակոծիչների, զորքերի եւ տեղի չափավոր ուժեր օգնությամբ հաղթել են ԻՊ-ին: Իրականում նրանք պարզապես տարածքների նկատմամբ վերահսկողությունն ԻՊ-ից փոխանցում են այն ուժերին, որոնց իրենք են աճեցրել: Բայց մնացյալ աշխարհի համար սա պարզապես խաղ է»,- կարծում է Ասադը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի նպատակը Սիրիայում «Ջեբհաթ ան-Նուսրա»-ին սատարելն է: «Նա զգում է, որ վերջին տարիներին ԻՊ-ի հետ հարաբերությունների պատճառով մեկուսացել է: Էրդողանի գաղափարախոսությունը «Մուսուլման եղբայրներ»-ի գաղափարախոսության (նրանց ծայրահեղականությամբ եւ բռնությամբ) եւ նոր Սուլթանության մասին իր երազանքների խառնուրդն է: Այդ կերպ նա մտադիր է վերականգնել վերահսկողությունը տարածաշրջանի նկատմամբ»,- ասել է Ասադը:

Սիրիայի նախագահը, միաժամանակ, դրական է գնահատել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: «Թուրքիայի եւ Ռուսաստանի նոր մերձեցումը մեր միակ հույսն է, որ Ռուսաստանը կկարողանա փոխել թուրքական քաղաքականությունը: Եվ ես վստահ եմ, որ այս օրերին սա Թուրքիայի նկատմամբ ռուսական դիվանագիտության առաջին նպատակն է՝ ձգտել նվազեցնել Թուրքիայի կողմից Սիրիային հասցված վնասը: Հույս ունեմ, որ ռուսները կկարողանան նրանց համոզել դադարեցնել ահաբեկիչներին աջակցությունն ու իրենց սահմանով փողերի ու վարձկանների հոսքը»,- նշել է նա: