Թուրքիայի նոր Սահմանադրության ընդունման հարցով հանրաքվեն, որը նախատեսում է անցում կառավարման նախագահական համակարգին, հնարավոր է՝ տեղի ունենա 2017-ի սկզբին: Այս մասին ուրբաթ հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կարող ենք հանրաքվեն անցկացնել 2017 թվականի ընթացքում: Բայց եթե «Արդարություն եւ զարգացում» (իշխող ԱԶԿ) եւ «Ազգային շարժում» (ԱՇԿ) կուսակցությունները կարողանան համաձայնության գալ, ապա հանրաքվեն կարող է անցկացվել 2017-ի սկզբին»,- ասել է նա:
Հանրաքվեն հաջորդ տարվա գարնանն անցկացնելու հնարավորության մասին հայտնել է նաեւ Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական օրենսդրության հանձնաժողովի ղեկավար Մուսթաֆա Շենթոփը: Նա հավելել է, որ Սահմանադրության նախագծի վրա աշխատանքը, հնարավոր է, 10 օրվա ընթացքում ավարտվի:



























