Նիգերիայի առաջին տիկին Աիշա Բուհարին սպառնացել է, որ հաջորդ ընտրություններում չի սատարի ամուսնուն եւ երկրի նախագահ Մոհամմադ Բուհարիին, եթե նա չփոխի երկրի կառավարության կառուցվածքը: «Նախագահն, օրինակ, չի ճանաչում իր նշանակած 45 կամ 50 մարդկանց, ես էլ նրանց չեմ ճանաչում, չնայած արդեն 27 տարի նրա կինն եմ»,- հայտարարել է նա BBC-ի հետ հարցազրույցում:
Առաջին տիկնոջ խոսքով՝ այդ մարդիկ չեն կիսում իր ամուսնու եւ նրա գլխավորած «Առաջադիմական փոփոխությունների կոնգրես» կուսակցության հայացքները: Ավելին՝ նրանց նշանակման թիկունքում, նրա խոսքով, «մի քանի մարդ» է կանգնած:
Բուհարին համոզված է, որ այդ պաշտոնները ստացած մարդիկ պարզապես «իշխանությունը գողացել են»: Սակայն նա հրաժարվել է բարձրաձայնել այն պաշտոնյաների անունները, որոնց պետք է հեռացնել:




























