ԵՏՄ-ում ապրանքի, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժը ստեղծում է նոր հնարավորություններ երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացման համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը Հայաստան է ժամանել Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայ-ռուսական միջտարածաշրջանային երեւանյան հերթական համաժողովի աշխատանքներին՝ երկուստեք կարեւորելով Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների, գործարար եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչներին մեկ հարկի տակ համախմբող այդ միջոցառումը:

Ընդգծելով, որ Հայաստանին եւ Ռուսաստանին կապում են բարեկամության եւ եղբայրության վրա հիմնված բազմադարյա սերտ կապերը, ՀՀ նախագահը գոհունակությամբ է փաստել, որ այսօր այդ ամուր հիմքի վրա վստահորեն զարգանում են միջպետական դաշնակցային հարաբերությունները, որոնց կարեւորագույն բաղադրիչն է միջտարածաշրջանային համագործակցությունը: «Մեր պետությունները միավորվել են մեկ տնտեսական տարածքում, եւ ապրանքի, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժը ստեղծում է նոր հնարավորություններ երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացման համար: Հենց այդպիսի նոր հնարավորությունների բացահայտման նպատակով ենք մենք այս օրերին անցկացնում նաեւ Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովը:

Մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք՝ ի շահ մեր ժողովուրդների եւ պետությունների»,-հանդիպման մասնակիցներին ասել է նախագահ Սարգսյանը:

ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը եւ նրա գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ՌԴ նահանգապետերը նույնպես բարձր են գնահատել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ձեւավորված ու հաջողությամբ զարգացող ապակենտրոնացված համագործակցությունը՝ խորհրդանշական համարելով, որ Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովը եւս այս օրերին անցկացվում է Հայաստանում: Նրանք հույս են հայտնել, որ այդ ձեւաչափը եւս արդյունավետ հարթակ կդառնա տնտեսությունների մերձեցման, բոլոր ուղղություններով համագործակցության համար:

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել միջազգային համաժողովը բարձր մակարդակով Երեւանում հյուրընկալելու եւ աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ստեղծելու համար: