Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Բեռլին հրավիրել «նորմանդյան քառյակի» գագաթնաժողովի մասնակցության համար, սակայն միայն ուկրաինական ճգնաժամի կարգավորման շանսի առկայության դեպքում։ Այս մասին ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերթը, փոխանցում է DW–ն։
«Եթե զգալի առաջընթացի համար նախադրյալներ ստեղծվեն, Բեռլինում կարող է կայանալ բարձր մակարդակով ուղիղ անձնական հանդիպում»,– ասել է Զայբերթը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ պետք է շարունակել շփումները եւ նրան ներգրավել բանակցություններին՝ անկախ նրանից, թե ինչ է կատարվում Հալեպում։
Զայբերթն ու Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հաստատել են, որ Մերկելի խորհրդականը եւ ԱԳՆ քաղաքական հարցերի տնօրենը Մինսկում բանակցություններ են վարում։ Միայն խորհրդականների մակարդակով պայմանավորվածության գալուց հետո Բեռլինը պատրաստ կլինի անցկացնել «նորմանդական ձեւաչափով» գագաթնաժողովը, պարզաբանել է Զայբերթը։




























