Գերմանիայի Քոբլենց քաղաքի գլխավոր դատախազությունը չհիմնավորված է համարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բողոքը, որով թուրք նախագահը բողոքարկել է երգիծական բանաստեղծության սկանդալային գործի հետաքննությունը դադարեցնելու մասին Գերմանիայի արդարադատության նախարարության որոշումը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Մարտի 31-ին Գերմանական հեռուստաընկերության եթերում երգիծաբան Յան Բոմերմանը Թուրքիայի նախագահին ծաղրող բանաստեղծություն էր ընթերցել։ Էրդողանը դատական հայց էր ներկայացրել հաղորդավարի դեմ եւ պահանջել էր պատասխանատվության ենթարկել նրան օտարերկրյա պետության ղեկավարի անձը վիրավորելու համար։
Հոկտեմբերի սկզբին Մայնցի դատախազությունը հայտարարել էր, որ Բոմերմանի դեմ հետաքննությունը դադարեցվել է, քանի որ հակաիրավական գործողությունների ապացույցներ չեն եղել։ Դրանից հետո Էրդողանը բողոքարկել էր վճիռը, որը քննում էր Քոբլենցի դատախազությունը, որը եւ մերժել էր բողոքարկումը։




























