Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Արմավիրի մարզային վարչության, Մեծամորի եւ Վաղարշապատի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 12-ին պարզվել է, որ Արմավիրի մարզի «Մերձավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մ.-ն չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները եւ դրանք օգտագործելով դպրոցի շահերին հակառակ՝ 2014 թվականից նույն դպրոցում որպես պահակ է ձեւակերպել իր որդուն՝ 1984 թ. ծնված Ն.-ին եւ նույն դպրոցի փոխտնօրեն է.-ի որդուն՝ 1981 թ. ծնված Հ.-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ արդյունքում՝ Ն.-ն աշխատանքի չներկայանալով, մինչ օրս յուրաքանչյուր ամիս ստացել է շուրջ 56.000 ՀՀ դրամ աշխատավարձ, իսկ Հ.-ի նույն չափի աշխատավարձը տնօրինել է նրա մայրը։
Վերը նկարագրված եղանակով միջնակարգ դպրոցի բյուջեից դուրս է գրվել շուրջ 3 միլիոն 500.000 ՀՀ դրամ։
Կատարվում է հետաքննություն։




























