Մալայզիան Թուրքիային է արտահանձնել ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի կազմակերպության երեք անդամներին, հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն։

«Անցած շաբաթ ես Թաիլանդում հանդիպել էի Մալայզիայի վարչապետի հետ, Ասիայում համագործակցության հարցերով երկխոսության նիստի շրջանակում։ Վարչապետը հայտնել էր, որ իր երկիրը պատրաստ է արտահանձնել FETO–ի երեք անդամներին։ Վերադառնալով Թուրքիա ՝ ես այդ մասին տեղեկացրել եմ նախագահին, վարչապետին ու համապատասխան կառույցներին։ Արդյունքում երեկ գիշերը Թուրքիային են արտահանձնվել երեք մարդ»,- մեջբերում է Թուրքիայի արտգործնախարարին Anadolu գործակալությունը։

Նախարարի խոսքով, արտասահմանում FETO –ի դպրոցների փակումն ու Անկարային այդ կազմակերպության անդամների արտահանձնումը շարունակվում է շատ երկրներում, որոնց իշխանությունները սերտ համագործակցում են Թուրքիայի համապատասխան կառույցների հետ։

Հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում մի խումբ խռովարարներ ռազմական հեղաշրջման փորձ էին իրականացրել։ Հիմնական դիմակայությունը ծավալվել էր Անկարայում ու Ստամբուլում։ Զոհվել էին ավելի քան 240 քաղաքացիներ, ավելի քան 2 հազար մարդ վիրավորում է ստացել, խռովությունը ճնշվել է։ Թուրքիայի իշխանությունները մեղադրել են Գյուլենին հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ ու ԱՄՆ-ից պահանջել արտահանձնել նրան։ Գյուլենն ինքը դատապարտել է խռովությունը ու հայտնել, որ ոչ մի առնչություն չունի դրա հետ։