Անկարան մտադիր է մասնակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներից Մոսուլի ազատագրման գործողությանը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Reuters–ը։
Եթե Բաղդադն ու Վաշինգթոնը հրաժարվեն թուրք զինվորականների օգնությունից, Էրդողանը խոստացել է գործի դնել «Բ ծրագիրը»։ Թե որն է այդ ծրագրի բովանդակությունը, նա չի պարզաբանել։
Հոկտեմբերի 13-ին Թուրքիայի նախագահ մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը հայտնել էր, որ Անկարան վախենում է Մոսուլի ազատագրման գործողության հնարավոր բացասական հետեւանքներից՝ հարյորր հազարավոր փախստականներ, որոնք կարող են գաղթել դեպի Թուրքիայի սահման։ Նա դժգոհություն է հայտնել, որ քաղաքի համար մարտում զգալի դեր է հատկացվում քրդական խմբավորումներին։
Ավելի վաղ՝ սեպտեմբերին, ԱՄՆ ղեկավարած հակաահաբեկչական միջազգային կոալիցիայի համատեղ ուժերի հրամանատար, գեներալ -լեյտենանտ Սթիվեն Թաունսենդը հայտարարել էր, որ քաղաքի վրա հարձակման հերթական փուլն է սկսվում։
Մոսուլը Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքն է։ Այն գտնվում է ԻՊ զինյալների հսկողության տակ 2014-ի ամառվանից։




























