Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերրին հոկտեմբերի 15-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում կմասնակցեն Սիրիայի հարցով բազմակողմ հանդիպմանը: Գիշերը Լավրովն արդեն ժամանել է Ժնեւ, որտեղից կուղեւորվի Լոզան, որտեղ տեղի կունենա Սիրիայի հակամարտության հարցով նախարարների հանդիպումը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ռուսական պատվիրակությունում աղբյուրը:

Նրանցից բացի, իր մասնակցությունը հաստատել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, սպասվում է նաեւ Սաուդյան Արաբիայի ներկայացուցչի մասնակցությունը, հնարավոր է՝ նաեւ Քաթարի: Ուրբաթ երեկոյան Իրանի ԱԳ նախարարությունից հայտնել են, որ հանդիպմանը կմասնակցի նաեւ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Հանդիպմանն իր մասնակցությունը հաստատել է նաեւ Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեխ Շուքրին: Նրան մասնակցության հրավեր է ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

Ռուսական պատվիրակությունում աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ բանակցությունների շրջանակում հնարավոր են Քերրիի եւ Չավուշօղլուի հետ Լավրովի երկկողմ հանդիպումները:

Հանդիպմանը մասնակցելու հրավերն ընդունել է նաեւ ՄԱԿ գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան:

Սիրիայի հակամարտության հարցով հանդիպումը՝ «Ռուսաստան եւ ԱՄՆ՝ գումարած մերձավորարեւելյան տարածաշրջանի առանցքային երկրներ» ձեւաչափով առաջին անգամ է անցկացվում: Ըստ որում՝ մասնակիցների վերջնական ցուցակը պաշտոնապես չի հրապարակվել, դրանում հնարավոր է ճշգրտումներ կատարվեն:

Լոզանի հանդիպմանը հոկտեմբերի 16-ին կհաջորդեն Լոնդոնի բանակցությունները, որոնք նույնպես Սիրիային են վերաբերում: Այնտեղ կուղեւորվի Քերրին, Ռուսաստանն այդ բանակցություններին չի մասնակցի: Ինչպես հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը, Լոնդոնում կհավաքվեն սիրիական հարցում «համախոհները», սակայն նա չի հայտնել մասնակիցների վերջնական կազմը: