Վաշինգտոնը պատրաստ չէ ըստ էության խոսել փոքր եւ միջին հեռահարության հրթիռների (ՓՄՀՀ) մասին պայմանագրի շուրջ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ սպառազինությունների վերահսկողության եւ չտարածման հարցերի բաժնի տնօրեն Միխայիլ Ուլյանովը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն նախկինի պես «չի կարողանում հստակ ձեւակերպել իր պահանջներն ու հաստատել դրանց արդարացիությունը», մինչդեռ Ռուսաստանը կարող է «փաստաթղթավորված ցույց տալ անհանգստության պատճառները»: Ըստ Ուլյանովի՝ խոսքը հրթիռ-թիրախների, հարվածային անօդաչուների եւ MK սարքավորումների մասին է, որոնք «հայտնվել են Ռումինիայի տարածքում»:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնից պարզաբանումներ չեն հնչում: «Նրանց փաստարկները շատ թույլ են, բայց այդպիսին են դիվանագիտական աշխատանքի օրենքները. ոչ միշտ է հաջողվում ըստ էության խոսել: Ըստ էության զրուցելու համար գործընկեր է պետք, որը պատրաստ է նման զրույցի, իսկ Միացյալ Նահանգներն այս դեպքում այդպիսին չէ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ռեյկյավիկի գագաթաժողովի 30-ամյակին Մոսկվային կոչ է վերադառնալ ՓՄՀՀ-ի մասին պայմանագրին: Հիշեցնենք, որ Ռեյկյավիկի գագաթաժողովի ընթացքում  ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովն ու ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը կարեւոր քայլ կատարեցին՝ ուղղված «սառը պատերազմի» դադարեցմանը եւ ռազմավարական սպառազինության կրճատման հիմքերը դրեցին: