Գնումների գործընթացը պետք է հնարավորինս թափանցիկ դարձնել: Այս մասին գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Զառա Չատինյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
Կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ Զառա Չատինյանը Կոմիտեի նորանշանակ նախագահին ներկայացրել է Հայաստանում Բանկի իրականացրած ծրագրերը, ինչպես նաեւ՝ ընթացիկ ծրագրերի մանրամասները:
Ըստ նրա՝ կարեւորագույն ծրագրերից է «Հայաստանի ջրամատակարարման եւ ջրահեռացման ներդրումային ծրագիրը»: Այս պահին իրականացվում է մանրամասն նախագծման աշխատանքների խորհրդատուների ընտրության գործընթաց: Այս ծրագրում KfW բանկի ֆինանսական մասնակցությունը կազմում է 30 մլն եվրո:
KfW բանկի ներկայացուցիչը առանձնացրեց նաեւ Շիրակի մարզում նախատեսված բիոլոգիական մաքրման կայանի շինարարության ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 4.5 մլն. եվրո: Ըստ ծրագրի՝ շինարարական աշխատանքները կտեւեն 3 տարի:
Արսեն Հարությունյանը կարեւորեց KfW բանկի գործունեությունը Հայաստանում եւ պատրաստակամություն հայտնեց առավել սերտ համագործակցել:
«KfW բանկը այն կառույցներից է, որն առավել ուշադիր եւ մանրակրկիտ է մոտենում մրցույթային գործընթացներին: Իմ կարծիքով, գնումների մրցույթային գործնթացները պետք է կազմակերպվեն հնարավորինս հստակ եւ ընկալելի չափորոշիչներով՝ ապահովելով բարեխիղճ մրցակցություն եւ հնարավորինս շատ թվով ընկերությունների մասնակցություն, ինչը թույլ կտա ոչ միայն որակական ընտրություն կատարել, այլեւ՝ ապահովել ողջ գործընթացի առավելագույն թափանցիկությունը»,- նշեց Արսեն Հարությունյանը:
Նշենք, որ KfW բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվում է «Համայնքային ենթակառուցվածների ծրագիրը», որի ընդհանրուր արժեքը կազմում է 74 մլն. եվրո: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացվել է ծրագրի նախագծման մրցույթը, կնքվել են համապատասխան պայմանագրեր:




























