Այսօր՝ հոկտեմբերի 15-ին` ժամը 08:40-ի սահմաններում, հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Վահագն Գագիկի Վիրաբյանը:
ԼՂՀ ՊԲ-ից էլ NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Իր հերթին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Վահագն Գագիկի Վիրաբյանի սպանության դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 08:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահության նշանակված ժամկետային զինծառայող, շարքային Վահագն Գագիկի Վիրաբյանի ուղղությամբ արձակվել են կրակոցներ՝ վերջինիս պատճառելով մահացու հրազենային վիրավորումներ:
Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), կատարվում է նախաքննություն:
Կատարվել են դեպքի վայրի, դիակի արտաքին զննություններ, վերցվել են նմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել փորձաքննություններ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում հայտնաբերվել է հրազենը, որով զինծառայողի ուղղությամբ արձակվել են կրակոցները եւ թե ում է եղել այն ամրակցված։
Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրենք լրացուցիչ։




























