Հնդկաստանի ոստիկանությունը Կաշմիրի հարթավայրում ավելի քան 150 աղավնիների է ձերբակալել, նրանց կասկածում են Պակիստանի օգտին լրտեսության մեջ, հայտնում է Khaleej Times-ը։

Կասկածելի բեռնատար մեքենան կանգնեցրել էին սահմանի մոտ։ Դրա մեջ ստվարաթղթե արկղեր էին, որոնց մեջ իրավապահները գտել են վարդագույն ներկով դրոշմված ավելի քան 150 աղավնիների։ Դրանցից մի քանիսի վրա գույնզգույն օղակներ էին հագցված։

Հիմա Հնդկաստանի իրավապահ մարմինները ստուգում են՝ արդյոք այդ թռչունները հատուկ վարժեցված են եղել Պակիստանի սահմանով տեղեկությունների գաղտնի փոխանակության կամ լրտեսության համար։ Մի շարք փորձագետներ ենթադրում են, որ նրանց դրոշմերը գունային կոդ են պարունակում։

Թռչուններին տեղափոխում էին արտակարգ դաժան պայմաններում։ Հետաքննության ավարտից հետո նրանց ազատ են արձակելու։