Պետք է բացառել կանխավճարների կուտակումը, որը լրացուցիչ բեռ է պետբյուջեի համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Պետական եկամուտների կոմիտեում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշել է կառույցի նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Վարդան Հարությունյանը ներկայացրել է համակարգի հետագա գործունեության հիմնական առաջնահերթությունները: Նորանշանակ ղեկավարը կարեւորել է օրինապահ տնտեսվարողների, հատկապես՝ փոքր եւ միջին բիզնեսի համար գործունեության փափուկ դաշտ ապահովելը. «Օրենքի դաշտում գործողները չպետք է զգան հարկային ծառայության ներկայությունը։ Հսկողության լայն գործիքակազմը սպառելուց հետո միայն կարելի է թիրախավորված ստուգում անցկացնել ՓՄՁ-ներում, այն էլ՝ հստակ չափորոշիչներով ռիսկայնությունը հիմնավորելով»։

Կոմիտեի նախագահն ընդգծել է հարկ վճարող-հարկային ծառայող փոխհարաբերությունները գործընկերային դաշտ տեղափոխելու անհրաժեշտությունը։ Նա հորդորել է կոմիտեի աշխատակիցներին հարկ վճարողներին վերաբերվել որպես երկրի համար տնտեսական բարիք ստեղծողների՝ ի շահ պետության եւ բյուջեի եկամուտների ապահովման. «Պետք է բացառել կանխավճարների կուտակումը, որը լրացուցիչ բեռ է պետբյուջեի համար: Փոխարենը պետք է բացահայտել, հիմնավորել եւ պետբյուջե վերականգնել առկա, բայց թաքցված հարկային պոտենցիալը»։ Գործընթացի հիմքում առաջնահերթ դրվելու են իրազեկման, բացատրական եւ նախազգուշացման աշխատանքները։ Բոլոր միջոցները սպառելուց հետո է միայն հարկային ծառայությունը դիմելու համարժեք քայլերի։

Կոմիտեի ջանքերն ուղղվելու են ստվերային շրջանառությունը սպիտակ դաշտ բերելուն։ Վարդան Հարությունյանը հանձնարարել է հարկային տեսչությունների ղեկավարներին ամենօրյա ռեժիմով ուսումնասիրել եւ գնահատել իրենց տարածքում գործող ձեռնարկությունների շրջանում առկա ստվերը. «Պետք է վերհանել եւ բացառել հովանավորչությունը։ Անկախ բարեկամական կապերից, զբաղեցրած դիրքից՝ բոլոր տնտեսվարողները պետք է գործեն հավասար դաշտում»։