Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել հոկտեմբերի 16-ին Լոռիում տեղի ունեցած դանակահարության մասին:

Ըստ Կոմիտեի տարածած հաղորդագրության՝ պարզվել է, որ մարզի Լեջան գյուղում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ծակող գործիքով հարվածներ են հասցվել նույն գյուղի երեք բնակիչների, որոնք տարբեր վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ 26-ամյա Ա.Մաճկալյանի մոտ ախտորոշվել է «որովայնի առաջակողմային պատի կտրած վերք», 34-ամյա Ս.Կատինյանի մոտ՝ «որովայնի առաջանային պատի ծակած-կտրած թափանցող վերք՝ ներքին սուր արյունահոսությամբ», մարմնական վնասվածք է պատճառվել նաեւ նույն գյուղի մի անչափահաս բնակչի, ում մոտ ախտորոշվել է «կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած թափանցող վերք՝ ներքին սուր արյունահոսությամբ»։

Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար) եւ 117-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը) հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որոշումներ են կայացվել՝ նշված երեք անձանց տուժող ճանաչելու մասին, առգրավվել են նրանց հագուստները, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ օբյեկտիվ իրականությունը պարզելու համար: