ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 10-րդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է Գյումրի քաղաքում հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվում են միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, անհատականացվում նրանց գործողությունները։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա, հոկտեմբերի 19-ի դրությամբ, մեղադրանք է առաջադրվել 3 անձի, որոնցից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, 2-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Մեղադրյալներից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ երրորդ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է։
Եվս մեկ անձ ձերբակալվել է հոկտեմբերի 18-ին՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Վերջինս, օգտվելով դատավարական իր իրավունքներից, հրաժարվել է ցուցմունք տալ։
Քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, հարցաքննվել են բազմաթիվ անձինք, կատարվել առերեսումներ։ Էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, 6 անձի նկատմամբ՝ դատաբժշկական փորձաքննություն։
Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրենք պարբերաբար։




























