Բոլոր կողմերը պետք է հարգեն հրադադարի ռեժիմը ղարաբաղյան հակամարտության գոտում, քանի որ դա շատ կարեւոր տարր է ցանկացած խաղաղ գործընթացի առաջխաղացման համար։ Այս մասին հոկտեմբերի 21-ին Երեւանում լրագրողներին հայտնել է Հարավային Կովկասի ու Վրաստանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը՝ ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ հանդիպումից հետո։
Անդրադառնալով հոկտեմբերի 20-ի երեկոյան ադրբեջանական կողմից դիվերսիոն -հետախուզական ներթափանցման փորձին, Զալբերը նշել է․ «Ես այդ մասին լսել եմ տարբեր աղբյուրներից, բայցեւայնպես ես դեռ պետք է ավելի շատ տեղեկություններ ստանամ։ Դրա համար էլ չեմ կարող մեկնաբանել այդ հարցը»։
Պատասխանելով NEWS.am–ի թղթակցի այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի միջազգային համայնքի արձագանքը ադրբեջանական կողմի շարունակական սադրիչ գործողություններին՝ Հերբերտ Զալբերը նկատել է, որ ոչ միայն ԵՄ-ն, այլեւ միջազգային մյուս կազմակերպությունները հույս ունեն, որ հրադադարի ռեժիմը ղարաբաղյան հակամարտության գոտում կպահպանվի։ «Մենք տեսել ենք, որ ապրիլի սկզբին տեղի ունեցած էսկալացիայից հետո, բարեբախտաբար, հրադադարի ռեժիմը պահպանվել է։ Եթե որեւէ բան պատահի, որը չի համապատասխանում այդ ռեժիմին, հուսով ենք՝ դա կկասեցվի»,- նշել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։ Ինչ վերաբերում է ապրիլյան իրադարձությունների կրկնման հնարավորությանը՝ Հերբերտ Զալբերը հույս հայտնեց, որ «դրանք երբեւէ չեն կրկնվի»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան եւ հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներփաթանցման փորձեր: ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Դիվերսիոն խմբին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:




























