Աբովյանում հոկտեմբերի 31-ին դանակահարված «Օլե» գիշերային ակումբի տնօրենի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: NEWS.am-ին Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից տեղեկացրին, որ 31-ամյա Մամիկոն Գրիգորյանը կարողանում է ինքնուրույն շնչել, առողջական վիճակում երեկվա դրությամբ փոփոխություն չկա:
«Վիճակը շարունակում է մնալ ծայրահող ծանր, գիտակցություն ունի, բայց մթագնում է պարբերաբար: Տղամարդը մեզ մոտ է տեղափոխվել գլխի շրջանում ստացած վնասվածքով»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել էին, կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքը տղամարդուն պատճառվել է Աբովյան քաղաքում գործող ակումբներից մեկի մոտ՝ հաճախորդներից մեկի կողմից։ Պարզվել է նաեւ շարժառիթը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը եւ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել մի շարք վկաներ, առգրավվել հանցագործության գործիք հանդիսացող դանակը, քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել փորձաքննություններ։
ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով, ձեռնարկվել անհրաժեշտ անհետաձգելի գործողություններ տղամարդու՝ մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։




























